AM
3 November 2012 - 11:54 AMT

Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով

Ուղղափառ հիմնական սրբություններից մեկը՝ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով: Այդ մասին ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանն է հայտնել Երուսաղեմի պատրիարքարանի արքեպիսկոպոս Իսհիսիուսը:

Նրա խոսքով, օրերս Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը 9 մլն շեքելի՝ մոտ 2,4 մլն դոլար, հաշիվ է ներկայացրել և առանց նախազգուշացնելու արգելափակել է հաշվարկային հաշիվը: «Դա նշանակում է, որ մենք, ֆրանցիսկյաններն ու հայերը պետք է վճարենք այդ գումարը»,-ասել է Իսհիսիուսը:

«Մենք երբեք չենք վճարել ջրի համար՝ ոչ օսմանների, ոչ հորդանանցիների, ոչ էլ, առավել ևս, իսրայելցիների օրոք,-ասել է արքեպիսկոպոսը:-Պատրիարքն առաջարկել է չեղյալ հայտարարել պարտնք ու հաշվարկը սկսել ներկա օրից, սակայն պատասխան չի ստացվել»:

Նա հայտնել է, որ «պատրիարքը նամակ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ, Իսրայելի, Կիպրոսի ու Հունաստանի ղեկավարներին»: «Թող աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում, ուր գալիս են ուխտավորներ ու զբոսաշրջիկներ, միլիոններ են ծասում, որոնք գնում են Իսրայելին»,-ասել է նա:

Տիրոջ գերեզմանի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ, ըստ քրիստոնեական ավանդության, խաչվել է, թաղվել է և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: Այն օծվել է 335 թվականին: Տաճարը պատկանում է Հույն ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցուն, ինչպես նաև կաթոլիկ ֆրանցիսկյաններին: