AM
5 November 2012 - 08:16 AMT

Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

Նոյեմբերի 5-8-ը Երևանում «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո կանցկացվի Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը: Ինչպես հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի ծառայությունը, այն կայանալու է ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Այն անցկացվելու է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: Եռօրյա համաժողովի ընթացքում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար: Սեմինարին Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն երկու հայտնի փորձագետներ` Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը:

Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգմանական գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասախոսություններով, նրանց վարպետության դասերով, հայ և հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով:

Համաժողովի աշխատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղան:

Միջազգային հավաքի շրջանակում անցկացված շնորհանդեսների թվում համաժողովի մասնակիցներին կներկայացվի Ալեքսանդր Բոժկոյի «Հավերժական շարժում» գիրքը` նվիրված Միխայիլ Կոցյուբինսկու և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական առնչություններին: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Փարաջանովի թանգարանում և կանցկացվի «Միխայիլ Կոցյուբինսկի և Սերգեյ Փարաջանով. երկու հանճարների հանդիպումը» խորագրի ներքո:

Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով հանդես կգան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը: