AM
6 Նոյեմբեր 2012 - 10:27 AMT

Ապրես Զոհրաբյան. Հուշակոթողների տեղափոխումը Երևան կարգելակի տուրիզմի զարգացումը ՀՀ մարզերում

Հուշակոթողների տեղափոխումը Երևան կարգելակի տուրիզմի զարգացումը ՀՀ մարզերում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց «Բնատաճար» ակումբի նախագահ Ապրես Զոհրաբյանը: «Կառավարությունն այս մասին որոշում ընդունելիս հարցին բազմակողմանի չի մոտեցել: Այն փաստարկը, թե դրանց տեղափոխությունը Հանրապետության հրապարակի մոտ նոր կյանք կտա հուշարձաններին, անհիմն է: Դա անհեթեթ ձևակերպում է, քանի որ հուշարձաններն ու հուշակոթողներն արդեն ունեն կյանք և արժեքավոր են հենց այն վայրում, որտեղ տեղադրվել են` այդ պատմական, ճարտարապետական և բնական միջավայրում»,- ասաց նա` հավելելով, որ հուշակոթողների տեղափոխությունը կզրկի բնական և ճարտարապետական համալիրներն իրենց ամբողջությունից:

«Արշավներ» ակումբի նախագահ Ռուբեն Բաղդիշյանն իր հերթին շեշտեց, որ որոշման մեջ նշվում է նաև, թե տեղափոխվող հուշարձանները մեծ մասամբ 600 և ավելի մետր խորության ձորերում գտնվող և չերևացող կոթողներ են, որոնք Երևան են բերվելու հանրության ուշադրությանն արժանանալու համար: «Ես խորհուրդ եմ տալիս, որպեսզի այդ որոշումը կայացնողները իրենք այցելեն այդ հուշարձանների գտնվելու վայրերը և կհամոզվեն, որ դրանք լքված ու չերևացող վայրերում չեն: Դրա վառ օրինակը Գորիսի երկրաբանական թանգարանից տեղափոխվող տապանաքարն է. ընդ որում, տապանաքարի տեղափոխությունն արդեն անհեթեթություն է նախնիների պաշտամունք ունեցող երկրի համար»,- նշեց նա:

«Armenian Extreme Club» ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մարզերից հուշարձանների տեղափոխության առաջին դեպքը չէ սա: «Բոլորիս քաջ հայտնի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվող խաչքարերը, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելի դիտարժան էր այնտեղ, որտեղ ի սկզբանե կանգնեցվել էր, քան եկեղեցու բակում:

Նախատեսված է 63 հուշակոթող տեղափոխել, որոնցից 40-ն արդեն տեղափոխվել են: Պետք է համազգային բողոք բարձրացնենք` պահանջելով դադարեցնել այդ տեղափոխությունն ու հետ վերադարձնել կոթողներն իրենց սկզբնական վայրեր»,- ասաց նա:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 13-ին կայացած նիստում Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը: