Թբիլիսիում դեռեւս չի վերսկսվել Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը, որը նախօրեին ընդհատվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ կոնֆլիկտի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, ներկայումս Վրաստանի խորհրդարանականները շարունակում են բանակցել իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ: Հայաստանի պատվիրակությունը պահանջում է, որպեսզի ադրբեջանցի խորհրդականները գրավոր ներողություն խնդրեն նախօրեին սկսված հանդիպման ընթացքում կոնֆլիկտի հրահրման համար: Հայկական պատվիրակության անդամների հավաստմամբ, ադրբեջանցի գործընկերները խախտել են խորհրդարանականների նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմերը չպետք է ցավոտ թեմաներ շոշափեին հարավկովկասյան նախաձեռնության ձեւաչափում անցկացվող հանդիպումների ընթացքում: Հիշեցնենք, որ նախօրեին Թբիլիսիում «Հարավային Կովկասն ու Եվրոպան» խորհրդաժողովի բացման արարողությունից հետո Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Խոջալու քաղաքի բնակիչների հիշատակը, որոնք զոհվել են Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում 1992 թվականի փետրվարին ողբերգական իրադարձությունների ժամանակ: Որպես բողոքի նշան հայկական պատվիրակությունը, թվով 10 խորհրդարանակններ, լքել է դահլիճը, ինչից հետո նիստն ընդհատվել է: