AM
8 Նոյեմբեր 2012 - 11:10 AMT

Տիգրան Համասյանն այսօր հյուրախաղեր է սկսում Մեծ Բրիտանիայում

Հայ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանն առաջիկա օրերին երեք համերգ կտա Մեծ Բրիտանիայում: Ինչպես նշված է դաշնակահարի կայքում, այսօր նա ելույթ կունենա Բրայթոն քաղաքի Komedia թատրոնում: Վաղը` նոյեմբերի 9-ին, նա ելույթ կունենա Լոնդոնի ջազ փառատոնի բացման համերգին: Բրիտանական հյուրախաղերը կավարտվեն նոյեմբերի 10-ին` Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում` The Mac սրահում:

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է Red Hall կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոններից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում:

«Universal Music» ընկերությունում թողարկած «A Fable» ձայնասկավառակի թողարկման առթիվ անցած տարի սեպտեմբերին Համասյանը համերգների շարք ունեցավ Հայաստանում, որը որ կազմակերպել էր PanARMENIAN Media-ն: