Նոյեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ «ՌեԱնիմանիա» միջազգային փառատոնի փակման արարողությունը:
Ամփոփելով մեկ շաբաթ տևած փառատոնի մրցութային ֆիլմերը` հայտարարվեցին հաղթողները 6 անվանակարգերում:
Այսպիսով, լիամետրաժ մրցութային ծրագրում հաղթող ճանաչվեց հունգարացի Մարսել Ջանկովիչի «Մարդու ողբերգությունը»: Մադաչի պիեսի գլխավոր կերպարները առաջին մարդկային զույգն է, որ Եդեմի պարտեզից վտարտվելուց հետո պատմության ընթացքում ուղեկցվել է սատանայի կողմից:
Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից լավագույնը հայտարարվեց «Չինտի» անիմացիոն ֆիլմը, որի հեղինակը ռուսաստանաբնակ հայ Նատալիա Միրզոյանն է: Ֆիլմը պատմում է փոքրիկ մրջյունի և նրա մեծ երազանքի մասին: Ավարտական անիմացիոն ֆիլմերի մրցութային ծրագրում հաղթողը Յոհաննես Շիեսելի (Գերմանիա) «366 օր»-ն էր` մարդկային միայնակության մասին: Երաժշտական մրցութային ծրագրում լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց լեհ Մագդալենա Օսինսկայի «Դաշնամուրի ոգիները»: Տարօրինակ և սքանչելի հոգիները ժայռին բախված և վթարված թռչող մեքենային վերակենդանացնում են: Հեռուստատեսային/գովազդ անվանակարգի հաղթողը Կարլոս Լասկանոյի «Կանգնելով հանուն ազատության» չեխ-իսպանական համատեղ արտադրության անիմացիոն ֆիլմն էր` այլաբանական ճամփորդություն վերջին 50 տարվա ընթացքում ազատության համար մարդկանց պայքարի մասին: Իսկ մանկական ընտրությունը լավագույնը ճանաչեց գերմանացի Կասիա Վիլքի «Հանդուրժիր ինձ» անիմացիոն ֆիլմը:
Հաղթողներին հայտարարելուց տեղի ունեցավ «Կնճիռներ» իսպանական անիմացիոն ֆիլմի հայաստանյան պրեմիերան:






