Նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի հոբելյանական երեկոն: Կլինեն երաժշտական համարներ, շնորհավորանքներ: Ելույթ կունենա Ռաիսա Մկրտչյանի դուստրը, ինչպես նաև ռուս ջազ դաշնակահար Դանիել Կրամերը:
Ռաիսա Մկրտչյանը հատկապես սիրված է ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, քանի որ նրա ստեղծագործական բուռն շրջանը համընկավ 1970-ականների հայկական էստրադայի վերելքի հետ:
«Շատ եմ կարոտում այդ տարիները: Բազմաթիվ երգահանների հետ համագործակցության արդյունքում շատ երգեր ծնվեցին:
Անչափ գոհ եմ, որ այս տարիների ընթացքում կարողացա այդ ամենն անել»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգչուհին: «Այն ժամանակ ամեն մի երգիչ մի «գույն» էր: Դրա համար ժղովուրդը նրանց շատ էր սիրում»,-հավելեց նա: Երգչուհին նաև գտնում է, որ հիմա էստրադան ինքնագործունեություն է, այնինչ իր երիտասարդության շրջանում այդպես չէր:
Երգչուհին այսօր ելույթ չի ունենում հավաքական համերգներում, չնայած՝ հրավերներ միշտ ունենում է: Պարզապես երգչուհուն դուր չի գալիս այսօրվա երգարվեստը և ձևաչափը: