AM
9 Նոյեմբեր 2012 - 12:24 AMT

Հայ օդային մարմնամարզուհին Լուգանսկում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք»-ին

Ուկրաինական Լուգանսկ քաղաքում անցկացվող Մանկական և երիտասարդական կրկեսային կոլեկտիվների, դպրոցների և կատարողների «Կրկեսային ապագա» VI միջազգային փառատոնի Հայաստանի ներկայացուցիչ Հասմիկ Մանուչարյանն ստացել է «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը: Ինչպես հայտնում է Երևանի կրկեսի մամուլի ծառայությունը, 16-ամյա օդային մարմնամարզուհին փառատոնում ներկայացրել է «Օդային ռապսոդիա» համարը:

Փառատոնին մասնակցել են կրկեսային 50 կոլեկտիվներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Հոլանդիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հասմիկ Մանուչարյանին մրցանակը հանձնել է Ուկրաինայի կրկեսային արվեստի վաստակավոր գործիչ, Լուգանսկի պետկրկեսի տնօրեն Դմիտրի Կասյանը:

Հասմիկ Մանուչարյանն ուսանում է Երևանի Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում, որի ղեկավարը կրկեսի արտիստուհի Նաիրա Պետրոսյանն է: