Երևանում այսօր տեղի ունեցավ ամերիկյան «Մեդիա օրենսդրություն» ձեռնարկների շարքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Ձեռնարկների շարքը տպագրվել և հրատարակվել է «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ, ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Միջազգային տեղեկատվական ծրագրերի բյուրոյի աջակցությամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, այդ ձեռնարկի հրատարակումը մեծ դեր ունի Հայաստանում լրագրական էթիկայի, կանոնների, աշխատելու սկզբունքների մշակման և ամերիկյան փորձը կիրառելու գործում:
«Պարտադիր չէ, որպեսզի ձեռնարկում բերված, բնականաբար, ամերիկյան մամուլի օրինակները նույնությամբ համապատասխանեն հայկական մամուլում և, առհասարակ, լրագրության մեջ տեղ գտնող խնդիրներին, թերություններին: Կարևոր է, որպեսզի ընթերցողները, իսկ ցանկալի է, որպեսզի այս ձեռնարկն անպայման կարդան հենց լրագրողները, կարողանան օգուտ քաղել իրենց համար և ավելի հեշտ կողմնորոշվեն լրագրության դաշտում»,- ասաց նա` հավելելով, որ ձեռնարկների շարքում տեղ են գտել աշխատելաոճի խորհուրդներ ինչպես տպագիր, այնպես էլ առցանց լրագրության վերաբերյալ:






