Երևանում կանցկացվի քասթինգ ռուսական «Comedy battle»-ի նոր սեզոնի համար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց քասթինգի կազմակերպիչ Արթուր Մկրտչյանը, քասթինգը պատվիրել է ռուսական «Comedy club»-ի ստեղծագործական խումբը: «Քասթինգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին և 22-ին Եղվարդի խճուղի 1 հասցեում` «Արմենիա» հեռուստաընկերության տաղավարներից մեկում: Քասթինգը կվարի շոումեն Արմեն Պետրոսյանը (Մենչ), սակայն ընտրությունը նա չի կատարելու: Քաստինգի ամբողջ ընթացքը կձայնագրվի և կուղարկվի Մոսկվա, որտեղ արդեն «Comedy club»-ի ստեղծագործական խումբը կդիտի ձայնագրությունն ու կընտրի մասնակիցների «Comedy battle»-ի նոր սեզոնի համար, որը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին»,- նշեց նա:
«Comedy battle» շոուն մեկնարկել է 2010 թվականին և նվիրված է Վլադիմիր Տուրչինսկու հիշատակին: Շոուն վարում է Պավել Վոլյան, ժյուրիի կազմում են Գարիկ Մարտիրոսյանը, Սեմյոն Սլեպակովը, Գարիկ Խարլամովը և Սերգեյ Սվետլակովը, ինչպես նաև այլ ռեզիդենտներ: Շոուն բաղկացած է երկու մասից` «Comedy battle. Քասթինգ» և «Comedy battle. Մրցաշար»: «Comedy battle. Քասթինգ»-ում մասնակիցների միակ խնդիրը ժյուրիի անդամներին ծիծաղեցնելն է ամենատարբեր միջոցներով: Վեց մենամարտերում հաղթած մասնակիցները հայտնվում են կիսաեզրափակիչում, իսկ եզրափակչում մնում են ընդամենը 5 մասնակիցներ, որոնք արդեն մասնակցում են «Comedy battle. Մրցաշար»-ին, իսկ լավագույնը դառնում է «Comedy club»-ի նոր ռեզիդենտ:






