AM
9 Նոյեմբեր 2012 - 15:35 AMT

Սերժ Սարգսյան. Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախմբին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան ժամանած Ամստերդամի Թագավորական կոնցերտգեբաու նվագախմբի դիրիժոր Լորին Մաազելին, բրիտանական հեղինակավոր Հարիսոն Փարրոթ արվեստի մենեջմենթի ընկերության հիմնադիր և ղեկավար Ջասպեր Փարրոթին և Եվրամիության փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բրլեկին: PanARMENIAN.Net-ին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանը ողջունել է աշխարհահռչակ նվագախմբի այցը մեր երկիր և այսօր երեկոյան նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում նախատեսված համերգը հայ երաժշտասեր հասարակայնության համար բարձր արվեստի հետ շփվելու ևս մեկ հրաշալի հնարավորություն և մեծ իրադարձություն համարել: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում հպարտ են հյուրընկալելու հռչակավոր դիրիժոր Մաազելի գլխավորած նույնքան հռչակավոր նվագախմբին:

Լորին Մաազելն իր և նվագախմբի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալվել հինավուրց մի երկրում, որը հայտնի է իր դարավոր մշակույթով: