Այսօր Լոնդոնի ST. John Smith համերգասրահում ելույթ կունենան «Հայաստանի պատանի տաղանդները»: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը:
Համերգր Լոնդոնում կայանալու է 5-րդ անգամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի հրավերով: «2005 թվականին հիմնադրամի գործունեությամբ սկիզբ առավ «Հայաստանի պատանի տաղանդներ» ծրագիրը, և առաջին համերգը տեղի ունեցավ Երևանում»,- ասաց Շահինյանը:
Լոնդոնում ելույթ ունենալու հրավերը «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամն առաջին անգամ ստացել է 2007 թվականին: Անցած չորս համերգների ընթացքում Լոնդոնում ելույթ են ունեցել 29 պատանիներ, ևս ութը ելույթ կունենան այսօր: Համերգներին մասնակցում են ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի մարզերի պատանի երաժիշտներ:
«Այս համերգներից հետո հայ պատանիները միշտ հաջողություն են ունենում: 2010 թվականին ելույթ ունեցած սոպրանո Նինա Մինասյանը այսօր Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում է, Նարեկ Կազազյանն այս տարի արժանացավ դասական Եվրատեսիլի 3-րդ մրցանակին»,- ավելացրեց Շահինյանը:
Այս տարի Նարեկ Կազազյանը կրկին ելույթ է ունենալու Լոնդոնում, և սա առաջին դեպքն է, երբ կատարողը երկրորդ անգամ է մասնակցում:
Համերգի ընթացքում ձևավորվելու է անսամբլ և Ռուբեն Ալթունյանի վերամշակմամբ ֆլեյտայով, քանոնով, թավջութակով, սաքսոֆոնով և դաշնամուրով կատարվելու է հայկական քոչարի:






