AM
10 Նոյեմբեր 2012 - 12:03 AMT

Նաիրա Զոհրաբյանը քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկով պաշտոնապես կդիմի նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին

ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը այսօր հանդիպել են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել և ասաց, որ հանդիպման ժամանակ քններկել են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ներկայացրած օրակարգային խնդիրները:

«100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի և կառավարման խորհրդարանական համակարգի անցման խնդիրները կան նաև ՀՅԴ-ի օրակարգում, և ես կարծում եմ, որ մեր քննարկումները բավական լուրջ հիմք են, որպեսզի մենք կարողանանք մշակել մեկ միասնակական քաղաքական օրակարգ: Այնպես, որ կարծում եմ՝ առաջին հանդիպումը ՀՅԴ-ի հետ տալիս է հիմք՝ ենթադրելու, որ քաղաքական ուժերի հետ հնարավոր է կոնսուլիդացիա մի քանի կարևոր խնդիրների շուրջ»,- ընդգծեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ երկուշաբթի կսկսեն հանդիպումները «Ժառանգության» հետ: Եկող շաբաթվա ընթացքում նախատեսված են հանդիպումները ՀԱԿ-ի հետ: Այսօր Նաիրա Զոհրաբյանը քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկով պաշտոնապես կդիմի նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին: «Եթե ընդունեն մեր առաջարկը, իրենց հետ կքննարկենք այն խնդիրները, որոնք կարևոր ենք համարում երկրում համակարգային փոփոխություններ անելու հարցում: Եթե չեն ընդունի՝ դա իրենց իրավունքն է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն հանդես է եկել առաջարկով՝ սկսել քաղաքական խորհրդակցություններ երկրում համակարգային լուրջ փոփոխպություններ անելու համար: