Նոյեմբերի 10-ին կայացավ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ԼՂՀ նախարարին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ:
Նախարարները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Հանդիպմանը երկուստեք կարևորվեց ՀՀ և ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության խորացումը, քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարն Արցախի իր պաշտոնակցի հետ մտքեր փոխանակեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարարի անունից տեղի ունեցավ ընդունելություն` ԼՂՀ արտգործնախարարի պատվին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, որի ընթացքում Կարեն Միրզոյանին հանձնվեց ՀՀ արտգործնախարարության պատվո հուշամեդալը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






