AM
12 November 2012 - 07:18 AMT

Այսօր լրացավ Հրաչյա Ներսիսյանի 117-ամյակը

Նոյեմբերի 12-ին ծնվել է հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը: Այսօր լրացավ նրա 117-ամյակը:

Հրաչյա Ներսիսյանը ծնվել է 1895 թ-ին` Ստամբուլից ոչ հեռու գտնվող Նիկոմիդիա քաղաքում: Սովորել է ֆրանսիական Սեն Բարբ և ամերիկյան Ռոբերտ քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ինքնուրույն սովորել է լեզուներ. բնագրով կարդացել է ֆրանսիացի, անգլիացի և թուրք գրողների ստեղծագործություններ, խոսել է արաբերեն ու իտալերեն:

Ապագա դերասանի նկարագրի ձևավորմանը նպաստել է ծանոթությունը Դանիել Վարուժանի և Կոմիտասի հետ: 1915 թ-ին Պոլսում Ներսիսյանը մասնակցել է Հայ դրամատիկ և Արշակ Պենկլյանի օպերետային խմբերի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) տարիներին ծառայել է թուրքական բանակում որպես թարգմանիչ. Մերձավոր Արևելքի երկրներում ականատես է եղել հայերի կոտորածներին: 1918 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և վերստին խաղացել Ա. Պենկլյանի խմբում:

1923 թ-ին Ներսիսյանը հայրենադարձվել է: Նույն թվականից եղել է Երևանի Առաջին պետական թատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն) դերասան: Թատրոնում հղկված և բյուրեղացած դերասանական տաղանդով նա դարձել է հայ բեմի և կինոյի առաջնակարգ դերասաններից, արժանացել համաժողովրդական ճանաչման ու սիրո:

Բեմական գործունեության առաջին իսկ շրջանում Ներսիսյանը ստեղծել է հուզական ու անմիջական հզոր կերպարներ: Նա վերամարմնավորման արվեստի մեծ վարպետ էր, որին միաժամանակ մատչելի էին ողբերգական, դրամատիկական, կատակերգական և գրոտեսկային դերերը:

Ներսիսյանի դերասանական վարպետությունը 1930-ական թվականներին լիովին բացահայտվել է Ֆալստաֆի, Օթելլոյի (Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո»), Պլատոն Կրեչետի (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»), Էլիզբարովի (Շիրվանզադեի «Պատվի համար») դերակատարումներով: Մարդկային հոգու խորքը թափանցելու նրա զարմանալի կարողությունն առավել արտահայտվել է Օթելլոյի անձնավորմամբ:

Ներսիսյանը հայկական կինոյի առաջին դերասաններից է: Նրա դերակատարումներին բնորոշ են անսպասելի և ժամանակին համահունչ լուծումները: Նկարահանվել է մոտ 30 ֆիլմում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Համբո («Գիքոր», 1934 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ»,1944 թ.), Էլիզբարով («Պատվի համար», 1956 թ.), Վարունց («Առաջին սիրո երգը», 1958 թ.), Ղամբարյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ., վերջին դերը կինոյում) և այլն:

Ներսիսյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1941 թ.):