AM
12 Նոյեմբեր 2012 - 10:39 AMT

Մինչև տարեվերջ կհրատարակվի Նար-Դոսի և Շիրվանզադեի ստեղծագործությունների ընտրանին

Մինչև 2012թ. վերջ «Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Նար-Դոսի և Շիրվանզադեի ստեղծագործությունների ընտրանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, երկու գրքերը կհրատարակվեն «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարի շրջանակում:

«Նար-Դոսի ստեղծագործություններից մեկ գրքով լույս կտեսնի «Մեր թաղը» պատմվածաշարը` բաղկացած 7 պատմվածքից, ինչպես նաև «Ես և նա», «Նեղ օրերից մեկը», «Աննա Սարոյան» և «Սպանված աղավնին» վիպակները: Իսկ մյուս գրքում կլինեն Շիրվանզադեի «Քաոս» վեպն ու «Պատվի համար» դրաման»,- նշեց նա:

«Անտարես» հրատարակչությունը «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարի շրջանակում 10 տարվա ընթացքում նախատեսում է հրատարակել 100 հատոր, յուրաքանչյուր տարի` 10-ական գիրք: Մատենաշարում ներառվելու են հայ և համաշխարհային գրականության այն ստեղծագործությունները:

Մատենաշարը սկսել է հրատարակվել 2012-ին, և վերոնշյալ գրքերը մեկ տարվա ընթացքում ծրագրված 10 գրքերից վերջին երկուսն են: Մինչ այդ լույս են տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանն» ու «Խենթը» մեկ հատորով, Ֆիրդուսու «Շահնամեն», Ստենդալի «Կարմիրն ու սևը», Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» և «Վիպակներ և պատմվածքներ» գրքերը և այլն:

Հաջորդ տարի, խմբագրի խոսքով՝ հրատարակչությունն արդեն ծրագրել է հրատարակել Գուրգեն Մահարու «Մանկություն», «Պատանեկություն» և «Երիտասարդության սեմին» վիպակները մեկ հատորով, Վասիլի Շուկշինի պատմվածքները, Լևոն Շանթի ստեղծագործությունների ընտրանին, Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը», Ալեքսանդր Դյումա կրտսերի «Քամելիազարդ տիկինը» և Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպը: