Նոյեմբերի 9-ին Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցու լեփ-լեցուն սրահում տեղի է ունեցել դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարած Լիբանանի ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ: Համերգն անցկացվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակում:
Համերգին, որի ընթացքում հնչեցին Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի և Ֆերենց Լիստի ստեղծագործությունները, ներկա էին պետական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ազգային կառույցների ներկայացուցիչներ, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը և Հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարևորեց 100 համերգների ծրագրի շրջանակում 21-րդ համերգի անցկացումը Լիբանանում, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց համերգի աջակիցներին և հովանավորներին, մասնավորապես` Լիբանանի մշակույթի նախարարին, ֆիլհարմոնիկ նվագախմբին և «Փյունիկ» համահայկական հիմնադրամին:
Իր խոսքում Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդական Միշել Շադարևյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին` նշելով, որ համերգը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի ցավը չէ, այլ համամարդկային է: Նա հույս հայտնեց, որ պատմական արդարությունը կվերականգնվի, և ողջ աշխարհը, հետևելով Լիբանանի խորհրդարանի օրինակին, կճանաչի Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:






