AM
13 November 2012 - 08:32 AMT

Նոյեմբերի 17-ին իր դռները կբացի Ուսումնական թատրոնը

Ուսանողության միջազգային օրը ` նոյեմբերի 17-ին իր դռները կբացի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոնը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: Խաղաշրջանը բացելու է Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումը, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է Լալա Մնացականյանը: Նրա խոսքով՝ տեղի է ունեցել դերասանական կազմի որոշակի փոփոխություն, և հոր դերը մարմնավորելու է Արմեն Կարապետյանը:

Երկար տարիներ բուհում չկար ուսումնական թատրոն, և Մնացականյանի խոսքով, ինստիտուտի այսօրվա ռեկտոր Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ այն կրկին վերաբացվել է:

Բարսեղյանը նշեց, որ Ուսումնական թատրոնը տեղակայված է լինելու նույն վայրում, որտեղ Համազգային թատրոնն է, սակայն հավատացրեց, որ խնդիրներ Համազգայինի հետ չեն ծագում, քանի որ ամեն ինչ համաձայնեցված է:

Հիշեցնենք, որ «Մայրը» ներկայացումը Բրեստի «Բելայա վեժա» փառատոնում արժանացել է «հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Թատրոնի ելույթից հետո հանդիսատեսը 20-25 րոպե հոտնկայս ծափահարում էր, և փառատոնի կազմակերպիչները ստիպված եղան մինչ փառատոնի ավարտը մրցանակը հանձնել նրանց: Դահլիճում ներկա ադրբեջանցի մասնակիցները ցուցադրաբար լքեցին դահլիճը:

Բեմադրությունը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին: Կարել Չապեկը 20-րդ դարի չեխ ականավոր արձակագիր և դրամատուրգ է: «Մայրը» պիեսի գաղափարը հեղինակին հուշել է նրա կինը:

Պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն, որտեղ մայրն ամեն գնով փորձում է պաշտպանել իր զավակներին, և մայրական անսահման սերը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: