AM
26 February 2003 - 18:02 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԸՆԴԴԻՄԱԴԻՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պիտեր Շիդերն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին եւ ընդդիմադիր ուժերին` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հանգստացնել քաղաքական մթնոլորտը երկրում: ԵԽԽՎ-ի սայթում տեղադրված հայտարարության մեջ Պ. Շիդերը հանդես է եկել երկրորդ փուլն ազատ եւ արդար անցկացնելու օգտին: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ «իշխանությունների պարտականությունն է հանդիսանում անել ամեն հնարավորը, որպեսզի նվազեցնել լարվածությունը` չդիմելով ծայրահեղ միջոցների հասարակական կարգի պահպանման համար»: Պիտեր Շիդերը կոչ է արել ՀՀ իշխանություններին «անհապաղ ազատ արձակել ընդդիմության ձերբակալված ակտիվիստներին», իսկ ընդդիմությանը` «հարգել երկրի սահմանադրական եւ իրավական կարգը»: Նա մտահոգություն է հայտնել թերությունների եւ խախտումների վերաբերյալ, որոնց մասին ընտրությունների առաջին փուլից հետո հաղորդել են միջազգային դիտորդները: «Եթե Հայաստանն ուզում է ապրել Եվրախորհրդի առջեւ ստանձնած իր ժողովրդավարական պարտավորություններին համապատասխան, ընտրությունների երկրորդ փուլում այդ խախտումները չպետք է կրկնվեն»,- հայտարարել է Պ. Շիդերը: Նա ընդգծել է ընտրությունների գործընթացում առավել թափանցիկության եւ ընտրությունների արդյունքների մասին ավելի օպերատիվ տեղեկացման անհրաժեշտության մասին: «Մենք ակնկալում ենք Հայաստանում ընտրությունների արդար եւ ազատ հանգուցալուծում, որին կհամաձայնեն բոլոր շահագրգռիռ կողմերը: Դա կնպաստի երկրում ժողովրդավարական կայունության ամրապնդմանը», – հայտարարել է Պիտեր Շիդերը: