Հաջորդ տարի Գյումրիում նախատեսվում է արվեստների և արհեստների փառատոն անցկացնել: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: «Գյումրին ավանդույթների քաղաք է, և նման փառատոնի անցկացումը կմեծացնի զբոսաշրջիկների հոսքը այդ քաղաք: Զբոսաշրջիկների գրավմանն ուղղված փառատոններ արդեն ավանդաբար անցկացվում են ՀՀ Լոռու մարզի Ախթալա քաղաքում, որտեղ այս տարի սեպտեմբերի 8-ին անցկացվեց հայոց ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոն, ինչպես նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ Գինու փառատոնը հոկտեմբերի 6-ին: Այդ փառատոնները շատ ազգային են ու լի են ավանդույթներով, իսկ զբոսաշրջիկներին հենց դա է գրավում, ինչը այլ տեղ չեն կարող տեսնել»,- նշեց փոխնախարարը:
Արա Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2012թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին Հայաստանն ակտիվորեն մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների: «Այդպես Հայաստանը ներկայացվել է 2012թ. հունվարին Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում կայացած «Vakantiebeurs 2012» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում՝ 5 զբոսաշրջային ընկերությունների մասնակցությամբ: 2012թ. մարտին Բեռլինում կայացած «ITB’12» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է 17 զբոսաշրջային ընկերություններով: 2012թ. մարտին Մոսկվայում կայացած «MITT’12» միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել են 8 զբոսաշրջային ընկերություններ: 2012թ. սեպտեմբերին Փարիզում կայացած «Top Resa’2012» միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները: Բացի այդ, Հայաստանը մասնակցել է 2012թ.սեպտեմբերին Տոկիոյում կայացած «JATA-2012» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև Լոնդոնում անցկացվող «WTM’2012» զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ միջոցառումներից յուրաքանչյուրը ևս մեկ հնարավորություն է, որպեսզի Հայաստանը ներկայացնի իրեն՝ որպես զբոսաշրջության հետաքրքիր վայր:
Փոխնախարարը կարևորեց նաև հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնակատարությունը, որի ժամանակ իր շնորհավորական ուղերձ էր հղել ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:






