Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամը հրատարակել է Նախիջևանի քարտեզագիրք: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում նշեց հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, քարտեզագիրքը լույս է տեսել երկու լեզվով` հայերեն և անգլերեն, յուրաքանչյուրից 1000 տպաքանակով: «Նախիջևանի քարտեզագիրքը ներկայացնում է երկրամասին վերաբերող տարբեր քարտեզներ` 15-20-րդ դարասկզբի գերմանացի, իսպանացի, ֆրանսիացի, անգլիացի և այլ ազգերի քարտեզագիրների աշխատություններ: Հայ հեղինակների կողմից հրատարակված քարտեզները բազմաթիվ են, ուստի որոշեցինք, որ ավելի կարևոր է ներկայացնել օտարերկրյա հեղինակների քարտեզները, որտեղ պատկերված է Հայաստանի քարտեզը` ներառյալ Նախիջևանը»,- նշեց նա:
Հուշարձանագետի խոսքով` քարտեզագրքի երկրորդ բաժինը նվիրված է երկրամասի ուսումնասիրման այլ կողմերին, նախ և առաջ` ֆիզիկական քարտեզին: «Երկրորդ բաժնում տեղ գտած քարտեզներից հատկապես կարևոր է 1914թ. հունվարի 1-ին, այսինքն դեռևս ցարական Ռուսաստանի օրոք կատարված մարդահամարով ստեղծված ազգաբաշխական քարտեզը, որտեղ ներկայացված են հիմնականում հայեր և կովկասյան թաթարներ: 1980-ականներից հետո հայ ազգաբնակչությունը երկրամասում իսպառ վերացել է»,- ասաց հուշարձանագետը:
Քարտեզագրքում տեղ է գտել նաև Նախիջևանի գրչօջախների քարտեզ` որոշների գործունեության տարեթվերով և յուրաքանչյուրից մեզ հասած ձեռագրերով: Մեկ այլ քարտոզում Նախիջևանի կրթօջախներն են` վանական և եկեղեցական ծխական դպրոցները, որոշների գործունեության տարեթվերը նույնպես նշված են, նշված են նաև պետական և մահմեդական դպրոցները, որոնք, համեմատաբար, քիչ են:
Մշակութային ժառանգությունն արձանագրող քարտեզում տեղ են գտել քրիստոնեական կառույցները` թվով 219 վանքեր, եկեղեցիներ, մատուռներ և այլն: «Քարտեզագրքի մի քանի էջեր նվիրված են մերօրյա մշակութային եղեռնին, որը կատարվել և կատարվում է Նախիջևանում. խորհրդային տարիներին արբանյակից նկարահանված հուշարձանի տեղում այսօրվա նկարահանումը ցույց է տալիս, որ այլևս ոչինչ չկա»,- նշեց նա` հավելելով, որ քարտեզագրքի կազմի հակառակ երեսին տեղ են գտել Հին Ջուղայի ոչնչացված գերեզմանոցի պատկերազարդ խաչքարերի դրվագները:






