AM
13 Նոյեմբեր 2012 - 13:58 AMT

ՀՀ ՊՆ. Բուժզննումից հետո պարզ կդառնա, արդյոք ադրբեջանցին խուլ ու համր է, թե ոչ

Հայ-ադրբեջանական սահմանն առավոտյան հատած ադրբեջանցին այժմ գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների մոտ և այս պահին նրան հարցաքննում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ մամլո ծառայության պետի տեղակալ Էհսան Զահիդովին, Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ալիևը խուլ է և համր, նա մոլորվել է մշուշում և պատահաբար է հատել սահմանը:

«Գործելու ենք միջազգային նորմերին համապաատսխան: Բժիշկները պետք է բուժզննություն անցկացնեն, որից հետո նոր հստակ պարզ կդառնա, խուլ է արդյոք Ալիևը, թե ոչ», – հավելեց ՊՆ խոսնակը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որքանով են ճշմարիտ խոսակցություններն այն մասին, որ ադրբեջանցին խուլ ու համր հովիվ է:

Այսօր առավոտյան` մոտավորապես 07:45-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ Թելման Ջավանաշիրօղլու Ալիևը հատել է հայկական սահմանը Հայաստանի Տավուշի մարզի շրջանում: Ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Ալիևը խուլ ու համր հովիվ է: