Նոյեմբերի 17-ին, ժամը 20:00-ին Հայաստանում ամերիկյան համալսարանի Ակյան պատկերասրահում դաշնակահար Հայկ Մելիքյանը հայ ունկնդրին կներկայանա տարվա վերջին երևանյան մենահամերգով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց դաշնակահարի մենեջերը, համերգը նվիրված է աշխարհահռչակ ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի ծննդյան 100-ամյակին:
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանում ամերիկյան համալսարանը «1900+» համաշխարհային դաշնամուրային համերգաշարի շրջանակում: Այն համերգաշարի վեցերորդ ելույթն է, որտեղ կներկայացվի ինչպես Ջ.Քեյջի, այնպես էլ ամերիկացի չորս հանրահռչակ կոմպոզիտորների` Ջ.Քրամի. Մ.Ֆելդմանի, Է.Կարտրի և Հ.Քոուելի ստեղծագործությունները:
Մելիքյանը վերջերս է Հայաստան վերադարձել աշնանային լայնածավալ համերգային շրջագայությունից, և դեկտեմբերին մենահամերգներ կունենա Մոսկվայում, Մոնրեալում և Ժնևում:
Ամանորյա տոներից հետո դաշնակահարը Ստոկհոլմում կմասնակցի ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնին :Այնտեղ կկայանա ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Ֆիլիպ Ռամոյին նվիրված կվինտետի պրեմիերան: