AM
14 November 2012 - 12:31 AMT

Փորձագետ. Ուրուգվայի քաղաքական գործիչների համակրանքը Ղարաբաղի կողմն է և վաղ թե ուշ այդ երկիրը կճանաչի ԼՂՀ անկախությունը

«Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղ այցելեց Ուրուգվայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Նրանց ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հարկ է նշել, որ նոյեմբերի 5-ին Արգենտինայում (և համատեղության կարգով Ուրուգվայում) Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմեդզադեն նույնպես հանդիպել է Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն և բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան կարգավորմանը: Կճանաչի արդյո՞ք Ուրուգվայը ԼՂՀ անկախությունը, և եթե այո, ապա ե՞րբ: Այս հարցով ես դիմեցի Ուրուգվայի պաշտոնական անձանց և փորձագետներին և ստացա հետևյալ պատասխանները»,-գրում է Rex լրտավական գործակալության կայքում հրապարակված իր հոդվածում «Ինտերնացիոնալ Ռուսաստան» միջազգային շարժման (Մոնտեվիդեո, Ուրուգվայ) գործադիր քարտուղար, քաղաքական գիտությունների դոկտոր Տատյանա Պոլոսկովան:

Ակնհայտ է, որ բուն Ուրուգվայում խորհրդարանի պատվիրակության այցը Լեռնային Ղարաբաղ հետաքրքրություն առաջացրեց, իսկ գնահատականները, հիմնականում, նման են: «Չեմ կարող ասել, ԼՂՀ անկախությունը մոտ ապագայում կճանաչվի, թե ոչ, սակայն միտումն ակնհյատ է, մեր բազմաթիվ քաղաքական գործիչների համակրանքը այդ չճանաչված հանրապետության կողմն է: Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում ընթացող գործընթացները հեռավոր թեմա չեն մեզ համար: Ուրուգվայը միշտ եղել է անկախության համար պայքարող ժողովրդների կողքին: Այսպես կոչված չճանաչված պետությունների հանդեպ հետաքրքրություն է տածում նաև նախագահ Խոսե Մուխիկոն անձամբ»,-այսպես մեկնաբանեց իրավիճակը կապված ԼՂՀ անկախության ճանաչման հետ անձնական զրույցում աղբյուրը Ուրուգվայի ԱԳՆ-ում:

«Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը մեծապես կախված է Ուրուգվայի հայ համայնքի ակտիվությունից: Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը միգրանտների երկիր է: Ազգային համայնքները ոչ միայն վայելում են իշխանությունների աջակցությունը, այլ նաև լուրջ ազդեցություն ունեն քաղաքական վերնախավի վրա: ԼՂՀ ճանաչման հանդեպ հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն դերով, որ ունի հայ համայնքը այդ երկրում: Այդ ազդեցությունը շատ հզոր է: Ուրուգվայն առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ուրուգվայն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը 1965թ.:

Դեռևս մեկ տարի առաջ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հայտարարեց. «Մենք ուսումնասիրում ենք ղարաբաղյան խնդիրը Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին մեր պաշտոնական դիրքորոշումը հայտարարելու համար: Սակայն, անձամբ ես վստահ եմ, որ Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, այն պետք է անկախ լինի և ժամանակի ընթացքում միանա Հայաստանին: Սա հարցի միակ լուծումն է: Եվ ասյօր Ուրուգվայը քայլեր է ձեռնարկում Ղարաբաղի հետ համաձայնության գալու ու պետական մակարդակով Ղարաբաղը ճանաչելու համար»:

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար սոցիալական հող Ուրուգվայում կա: Համենայն դեպս, այդ որոշումը բացասական արձագանք չի ունենա բնակչության շրջանում: Փորձագիտական շրջանակներում առավել տարածված գնահատականը հետևյալն է. «Ճանաչումը չի բացառվում, սակայն ժամանակ է պետք», ասվում է հոդվածում: