AM
26 February 2003 - 14:31 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԱՅՍՕՐՎԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Երեւանի քաղաքապետարանն թույատրել է Հայաստանի ընդդիմադիր ուժերի հանրահավաքը, որը կկայանա այսօր ժամը 16-ին: Ինչպես տեղեկացրել են «Առկա» գործակալությանը Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, համապատասխան որոշումն ընդունվել է այսօր քաղաքային իշխանությունների կողմից: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը հայտարարել էր, որ ընդդիմադիրների փետրվարի 21-ի եւ 23-ի հանրահավաքները արտոնված չեն եղել: «Փետրվարի 20-ի հանրահավաքը թույլատրված էր, սակայն դրան հետեւել է քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված երթ, ինչն ուղեկցվել է անկարգություններով»,-ասել է քաղաքապետը: Նշենք, որ ընդդիմության հանրահավաքը կրկին նվիրված է նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերանայմանը: