Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի 7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում» խորագիրը կրող ցուցահանդեսին։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները: Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հնարավոր ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն:
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է կլոր–սեղանի, որտեղ քննարկվել են համագործակցության նախագծեր ու Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը: «Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։






