AM
16 Նոյեմբեր 2012 - 13:11 AMT

Սփյուռքահայերին նվիրված պարային ներկայացում` «Մոսկվա» կինոթատրոնում

Նոյեմբերի 23-ին և 24-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Ներդուրս» խորագրով պարային ներկայացում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմեց ներկայացման բեմադրող Թենի Մաթյանը, «Ներդուրսը» նվիրված է սփյուռքահայերին: «Ես ինքս իրանահայ եմ, երկար ժամանակ նաև ապրել եմ Անգլիայում, որից հետո բնակություն եմ հաստատել Հայաստանում: Արդյունքում ինձ մոտ այդ ներսի և դրսի ապրումները արտահայտելու ցանկություն առաջացավ, և բեմադրվեց այս ներկայացումը»,- ասաց նա:

Պարուսույցի խոսքով` ներկայացման մեջ ներգրաված են 14 պարողներ` հիմնականում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ, ինչպես նաև երևանյան բուհերի ուսանողներ, իսկ մեկը` Շաքե Չիլինգարյանը, ժամանելու է Լոնդոնից: «Նա ներկայացման գլխավոր կերպարն է մարմնավորելու, և անպայման ուզում էի, որպեսզի այդ դերում հանդես գար սփյուռքահայ»,- նշեց Թենին:

Նա շեշտեց նաև, որ ներկայացումը տեղի կունենա «պար և էկրան» ձևաչափով. պարային շարժումները կուղեկցվեն տեսաձայնագրությամբ, ինչպես նաև երաժշտությամբ, որի հեղինակը Վահան Արծրունին է: «Բեմադրության գաղափարի մասին պատմեցի Արծրունուն, և վերջինս ասաց, որ մոտ 70 րոպե տևողությամբ երգաշար ունի գրած: Այդ երգաշարից ներկայացման համար ընտրեցի 45-ը, այդքան էլ կտևի միջոցառումը: Երաժշտությունը հիմնականում world music ժանրում է, ինձ դուր եկավ, որ կան նաև արևելյան մոտիվներ»,- ասաց պարուսույցը` հավելելով, որ ներկայացմանը հրավիրված է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մուտքի տոմսն արժե 3000 դրամ: