AM
26 February 2003 - 14:16 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՉՔ ՉԵՆ ՓԱԿԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

Այսօրվա առավել տագնապալի թեմաներից է` ընդդիմության ագրեսիվությունը: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հայտարարել է ՀՀ գործող նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը: «Չնայած այն բանին, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք պահպանել ենք կոռեկտություն, հակառակ կողմը հանդես է եկել շատ ագրեսիվորեն, որը հանգեցրել է հասարակության պառակտմանը»,- ասել է նա: Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ագրեսիվ ելույթները «սերմանում են թշնամություն եւ ատելություն» հասարակության մեջ, ինչը վերջնական արդյունքում նպաստում է բռնությանը: «Չի կարելի թույլ տալ, որպեսզի մարդիկ վախենան բացել իրենց խանութները` սարսափելով ենթարկվել բռնության` հանրահավաքներիի եւ դրանց հաջորդող երթի մասնակիցների կողմից»,- նշել է Գաբրիելյանը: Նրա խոսքերով` Հայաստանի իշխանություններն աչք չեն փակի նախագահական ընտրությունների ժամանակահատվածում տեղի ունեցած բռնությունների վրա: Կպատժվեն հասարակական կարգը խախտողները, ինչպես նաեւ պետության անվտանգությանը սպառնող գործողությունները, հայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Նշենք, որ այսօր ընդդիմությունը մտադիր է անցկացնել հերթական հանրահավաքը` նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների վերանայման պահանջով: