Միջազգային ասպարեզում շաբաթը Հայաստանի համար նշանավորվեց աճուրդներով: Հռչակավոր Sotheby’s աճուրդի տանը վաճառվեցին աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու մի քանի նկարներ: «Անհամբերություն» կտավը վաճառվեց 6.802.500 ԱՄՆ դոլարով:
Թղթի վրա յուղաներկով արված նկարչի կնոջ դիմանկարը վաճառվեց 152.500 դոլարով: «Ծաղիկները ծաղկամանի մեջ» կտավը վաճառվեց 194.500 դոլարով: Կային նաև մի քանի նկարներ ևս, որոնք չգտան իրենց տերերին:
Ուրբաթ` նոյեմբերի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց իտալական օպերայի երեկո: Ցավոք, Արամ Խաչատրյան համերգասրահն այդքան էլ մարդաշատ չէր, սակայն հավաքվել են իսկական արվեստասերներ, օպերայի իսկական երկրպագուներ: Սոպրանո Իրինա Զաքյանը և տենոր Հովհաննես Այվազյանը սկզբում ներկայացան առանձին-առանձին, հետո` դուետով:
Դրանից մեկ օր առաջ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հիշեցին վերջերս կյանքից հեռացած կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին: Հավաքվել էին նրա հարազատները և արվեստի երկրպագուները: Բոլորը պատմում էին նրա հետ կապված հետաքրքիր և դեպքեր, հնչեցին նրա ստեղծագործությունները, ցուցադրվեցին կոմպոզիտորի մասին պատմող տեսանյութեր: Շաբաթ օրը «դաշնամուրային» օր էր: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ կանադացի դաշնակահար Յան Լիշեցկու հետ:
17-ամյա երաժիշտ Յան Լիշեցկին արդեն հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Փարիզի, BBC սիմֆոնիկը, Լայպցիգի սիմֆոնիկը, Տորոնտոյի սիմֆոնիկը, Մոնրեալի Մետրոպոլիտենը և այլն:
Աշնանային մեծ շրջագայությունից հետո հայ ունկնդրին ներկայացավ նաև դաշնակահար Հայկ Մելիքյանը: Հայաստանում ամերիկյան համալսարանի Ակյան պատկերասրահում կայացավ մի համերգ, որը լի էր անակնկալներով: Այս անգամ Հայկը ներկայացավ ամերիկացի կոմպոզիտորների ստեղծագործություններով: Համերգը նվիրված էր ամերիկացի կոմպոզիտոր Ջոն Քեյջի ծննդյան 100-ամյակին: Հնչեցին Ոչ միայն Քեյջի, այլ նաև Կարտերի, Ջ.Քրամի, Մ.Ֆելդմանի և Հ.Քոուելի
ստեղծագործություններով: Ծրագիրն արդեն հետաքրքիր էր, սակայն անակնկալներն էլ անպակաս էին: Համերգի առաջին մասի վերջում դաշնակահարը ներս մտավ խաղալիք դաշնամուրով և կատարեց Քեյջի սյուիտը` գրած հատուկ խաղալիք դաշնամուրի համար: Նույն խաղալիք դաշնամուրով, որպես «Բիս» հնչեց Կոմիտաս: Համերգը կարծես ավարտված էր, բայց ինչպես պարզվեց, անակնկալները շարունակվում էին: Ամենավերջում հնչեց Ֆրեդերիկ Ռժեվսկու նանո սոնատաներից մեկը: Հայկը ոչ միայն այն նվագեց, այլ նաև կարդաց. ստեղծագործությունն ուղեկցվեց տեքստով:
Համերգն ավարտվեց, սակայն միջոցառումը շարունակվեց կուլիսներում. շնորհավորանքներ, ծաղիկներ, լուսանկարներ: Այս երեկոյով եզրափակվեց շաբաթը` նեղ, բայց ջերմ միջավայրում: