Ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի: Այս մասին գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Վեպը մեկ ընտանիքի օրինակով պատմում է Հայոց ցեղասպանության և հայապահպանության խնդրի մասին: Վեպը հրատարակվել է 2009 թ-ին և նույն տարում հռչակվել «Տարվա լավագույն գիրք»: Այն ստացել է նաև Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Գիրքը ներկայացվել է գրքի բազմաթիվ տոնավաճառներում, արժանացել եվրոպացի քննադատների և մամուլի բարձր գնահատականին: Վեպը թարգմանվել է իտալերեն և իսպաներեն, մինչև մյուս տարվա վերջ կհրատարակվեն եբրայերեն, գերմաներեն, շվեդերեն, չեխերեն, ֆրանսերեն, բուլղարերեն թարգմանությունները:
Գիրքը հրատարակվել է Հայաստանի գրողների միության կողմից: Վեպը թարգմանել է Սարգիս Սելյանը: «Շշուկների մատյանը« թովչական գեղեցկության մի վեպ է՝ հենց ինքնին Պատմությունը»,-գրքի մասին գրել էր իսպանական El Pais թերթը:






