AM
20 Նոյեմբեր 2012 - 08:09 AMT

«Մթնշաղ» սագայի վերջին սերիայի ցուցադրությունը Երևանում հետաձգվում է

«Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում հետաձգվում է: Սպասվում էր, որ «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 22-ին, սակայն, ինչպես տեղեկացրեցին կինոթատրոնից, այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը կեզրափակի աղմակահարույց ֆիլմաշարը: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Լոնդոնում:

Դրա հետ մեկտեղ «Մոսկվա» կինոթատրոնում արդեն մեկնարկել է «Մատրիցա» եռամասի հեղինակ Վաչովսկի եղբայրների «Ամպային ատլաս» պատմաֆանտաստիկ ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է ցուցադրվեր նոյեմբերի 9-ից: «Ամեն ինչ փոխկապակցված է» կարգախոսով ֆիլմը պատմում է միևնույն հոգու 6 ինկարնացիաների մասին, որոնցից երկուսը տեղի են ունենում ապագայում: Գլխավոր դերերում հանդես են գալիս Թոմ Հենքսը, Հյու Գրանտը, Հելի Բերին և այլ հայտնի դերասաններ:

Համաշխարհային պրեմիերան կայացավ սեպտեմբերի 8-ին Կանադայում:

Նոյեմբերի 23-ից կամ 24-ից կինոթատրոնում կցուցադրվի ևս երկու ֆիլմ, որոնցից մեկը «Երազների պահապանները» 3D ձևաչափի անիմացիոն ֆիլմն է: Մանկական երազները փրկելու համար տարբեր հեքիաթների հերոսները միավորվում են:

Հոկտեմբերի 10-ին Միլ-Վելիում կայացած կինոփառատոնին տեղի ունեցավ մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան: Մյուսը Դևիդ Օ. Ռասելի «Իմ ընկերը գիժ է» կատակերգական դրաման է, որի օրիգինալ անվանումն է «Հույսի շողերի ժողովածու»:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել Բրեդլի Քուփերը, Ջենիֆեր Լոուրենսը և Ռոբերտ Դե Նիրոն: Կինոժապավենի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ: