Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Քարեն Քոպը միգուցե հյուրընկալվի Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով երկու նվագախմբերն ունեն համատեղ ծրագրեր, և այցը տեղի կունենա դեկտեմբերին:
Փառատոնի առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որին ելույթ կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը: Նվագախմբի ղեկավար Կարեն Դուրգարյանն ասուլիսի ժամանակ ասաց, որ հայ երաժիշտները պարտավոր են ցույց տալ աշխարհին իրենց կոմպոզիտորներին: Բացման համերգին հնչելու են Չուխաջյանի «Արշալ երկրորդ» օպերայից և «Կարինե» օպերետից հատվածներ: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված կլինի հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին, և կկրի «ՉուխաջյանՖեստ» անունը: Այն կնվիրվի նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին:
2010թ-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անց է կացվում հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` կազմակերպված ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության միացյալ ուժերով:
Փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 19-ը: Փառատոնի ընթացքում տեղի կունենա 8 համերգ: Հիշեցնենք, որ անցած տարի փառատոնը նվիրված էր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին:






