AM
20 Նոյեմբեր 2012 - 14:18 AMT

«Շշուկների մատյան» վեպի հեղինակը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի Գրողների միության նախագահի առաջին տեղակալ, գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի հայաստանյան շնորհանդեսը: Հանդիսությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ողջունեց Վարուժան Ոսկանյանի գրական, հասարակական գործունեությունը և նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, արժևորելով Վարուժան Ոսկանյանի գործունեությունը, փաստեց, որ ամբողջ աշխարհում հային ու Հայաստանը ճանաչելու ևս մեկ հնարավորություն է «Շշուկների մատյանը» գրքի լույսընծայումը: Շնորհավորական խոսքում Գրողների միության փոխնախագահ Դավիթ Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր հայի համար հպարտություն է Վարուժան Ոսկանյանի նման ինքնատիպ հայրենակից գրող ունենալու հանգամանքը:

Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Կրինա Ռուդիքա Պրունարիուն, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

«Շշուկների մատյան» վեպը հրատարակվել է 2009 թվականին և համարվել է Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը, գրքին շնորհվել է Ռումինական Ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Վեպը թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, եբրայերեն: 2013-ին նախատեսվում է ֆրանսերեն, գերմաներեն, շվեդերեն և բուլղարերեն տարբերակների լույսընծայումը: