«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հրավերով նոյեմբերի 22-26-ը Հայաստանում է գտնվելու Բաշկիրիայի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռաֆայիլ Զինուրովը:
Այցը տեղի է ունենալու նրա`«Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի առաջին հատորի շնորհանդեսի կապակցությամբ:
Շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
Նոյեմբերի 22-ին Ռաֆայիլ Զինուրովին կընդունի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքը հայոց պատմության չափածո շարադրանքն է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը` հիմնված հայ պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորը հասնում է մինչև հայոց գրերի գյուտը: Ներկայումս մոսկովյան «Յունիպրես» հրատարակչությունում ընթացքի մեջ են երկրորդ և երրորդ հատորների տպագրման աշխատանքները:
Գրքի մոսկովյան շնորհանդեսը 2011 թ. ապրիլին տեղի է ունեցել Ռուսաստանի պետական գրադարանում:
Նշենք, որ Բաշկիրիայում բնակվում է ավելի քան 20 հազար հայ, Ուֆայում 2001 թվականից գործում է հայկական կիրակնօրյա դպրոց: Բաշկիրիայի իշխանությունների կողմից հայ համայնքին Ուֆայում հող է հատկացվել հայկական եկեղեցի կառուցելու համար:






