Էդուարդ Թոփչյանին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացնելու լուրն անհիմն է և իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը: «Դա հերթական խայծն է»,-ասաց նա՝ հավելելով, որ թերթերը չեն որոշում նման հարցերը, մանավանդ, որ այդտեղ նշված չէ աղբյուրը:
«Թոփչյանը Գերմանիայում հրավիրվել է ղեկավարելու երկու շատ հեղինակավոր համերգներ. նոյեմբերի 24-ին` Բերգիշերի սիմֆոնիկ նվագախումբը և նոյեմբերի 27-ին` Մանհեյմում Կուրպֆյոլցիխի կամերային նվագախումբը (KKO): Նոյեմբերի 30-ին նա կվերադառնա Հայաստան, որովհետև դեկտեմբերը լի է տոնական համերգներով: Կա ՞ մեկ այլ, այսքան պահանջված դիրիժոր Հայաստանում: Մաեստրոն իսկական հայրենասեր է, և չի պատրաստվում լքել երկիրը դեղին մամուլի պատճառով»,-եզրափակեց Պադարյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Թոփչյանին փոխարինելու ծրագրեր են մշակվել: Ըստ թերթի տեղեկությունների՝ քննարկվում է 3 անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան- կրտսերի՝ Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդու, և ամերիկահայ մի դիրիժորի:
Նշենք նաև,որ այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից:






