AM
22 Նոյեմբեր 2012 - 08:51 AMT

ՀՀԿ-ական պատգամավոր. Նախագահական ընտրությունների նախաշեմին խորհրդարանական կարգի մասին չեն խոսում

Կառավարման խորհրդարանական կարգի անցնելու մասին քննարկումները պետք էր սկսել ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ, այլ ոչ թե նախագահական ընտրությունների նախաշեմին: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկումն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորն ասաց, որ ընդդիմադիր թևը փորձում է ցույց տալ, որ համախմբվել է ինչ-որ հարցերի շուրջ, այն դեպքում, երբ անգամ «ճանապարհային քարտեզ» չունի: Անդրադառնալով քաղաքական ուժերի միջև ծավալված քաղաքական կոնսուլտացիաներին նա նկատեց. «Ինչ քաղաքական կոնսուլտացիաների մասին կարող է լինել խոսքը, եթե չկան գրավոր փաստաթղթեր»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այս կոնսուլտացիաները չունեն օրակարգ:Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին քննարկումները պետք է տևեն մի քանի տարի և անցնեն լուրջ քննարկումներ.«Ես կարծում եմ, որ խորհրդարանական կարգին անցնելու կարևոր հարցը չի քննարկվում արագացված տեմպերով, այդպիսի քննարկումները պետք էր սկսել ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ»,-ասաց Հոհաննես Սահակյանը: