AM
22 Նոյեմբեր 2012 - 11:10 AMT

«Տաթևիկը» կհյուրընկալվի Հայաստանի մի շարք քաղաքներում

Շարունակվում է «Տաթևի դարպասներ» նախագծի հայտարարած «Արի ճախրենք կամ ստեղծիր Տաթևիկի կերպարը» մրցույթը: Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից ու Ղազախստանից միավորված երեխաների ավելի քան 400 աշխատանքները կցուցադրվեն Գորիսի, Շուշիի և Դիլիջանի մանկական արվեստի կենտրոններում:

«Մասնակից երեխաների և մեր ոգևորությունն այնքան մեծ էր, որ ցանկացանք կիսվել մարզերում բնակվող երեխաների հետ: Համոզված ենք, որ իրենց հասակակիցների աշխատանքները նորովի կոգեշնչեն մարզերում բնակվող երեխաներին, «Տաթևիկն» էլ այդպիսով յուրովի կշարունակվի», – ասել է «Տաթևի դարպարսներ» նախագծի զարգացման բաժնի տնօրեն Զարմինե Զեյթունցյանը:

Ինչպես հայտնում են մրցույթի կազմակերպիչները, «Տաթևիկի» առաջին կանգառը Գորիսի մանկական ստեղծագործության թանգարանն է, որտեղ նոյեմբերի 21-ից 8 օր Գորիսի ու հարակից համայնքների երեխաները հնարավորություն կունենան դիտել «ՏաԹևեր» ճոպանուղու բարի փերիի կերպարի ամենատարբեր մեկնաբանությունները: Ցուցահանդեսին մասնակցած երեխաներն իրենց տպավորությունները կներկայացնեն շարադրության տեքսով: