Հայաստանը դարձել է Եվրամիության Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 40-րդ անդամը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից:
Հայաստանի անդամկացության մասին հայտարարվել է Ստրասբուրգում` նոյեմբերի 6–9-ը կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Կառույցը կարևոր աշխատանք է կատարում կինոյի և տեսալսողական արդյունաբերության այլ ճյուղերում` օգնելով այդ բնագավառի մասնագետներին: Տեսալսողական օբսերվատորիայի էքսպերտների իրականացրած հետազոտությունները արժեքավոր են և կարևոր միջազգային ասպարեզում: Այս աոումով, Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:
Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թվականին: Այն հանրային ծառայության կառույց է, որը բաղկացած է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված` Եվրամիության անդամ երկրներից և նպատակ ունի տեղեկատվություն հավաքելու և տարածելու Եվրոպայի տեսալսողական արդյունաբերության վերաբերյալ: Օբսերվատորիան գործում է Եվրոպայի խորհրդի իրավական շրջանակներում և աշխատում է մի շարք գործընկեր կազմակերպությունների ու տեսալսողական արդյունաբերության ոլորտի մասնագետների, ինչպես նաև թղթակիցների ցանցի հետ: Գիտաժողովներ կազմակերպելուց բացի օբսերվատորիան հրապարակում է տեղեկատվական զեկույցներ և տեղեկագրերի տարեկան գրքեր:






