Հայաստանի պետական ջազ նվագախմբի սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը Դոնի Ռոստովի երիտասարդ ջազ երաժիշտների 8-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Այս մասին հայտնում է armenianjazz-ը: Մրցույթի ժամանակ նա կատարել է երկու ստեղծագործություններ` Չիք Քորիայի «500 Miles High»-ը և Չարլի Փարքերի «Donna Lee»-ն: Ժյուրիի որոշմամբ հայ երաժիշտը գրավել է առաջին տեղը` այն կիսելով իտալացի սաքսոֆոնահար Ֆիլիպո Օրեֆիչեի հետ:
Դոնի Ռոստովում երիտասարդ ջազ երաժիշտների 8-րդ միջազգային մրցույթն անցկացվել է նոյեմբերի 15-ից մինչև 18-ը: Մրցույթին մասնակցում էին 15-ից 30 տարեկան երաժիշտներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստանից, Իսրայելից, Իտալիայից և ԱՄՆ-ից: Ժյուրիի նախագահն էր Ռուսաստանի ժողովրդական արտիստ, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը:






