AM
26 Նոյեմբեր 2012 - 12:52 AMT

Սեյրան Օհանյանը կայցելի Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումները Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Բիսմալա Խան Մոհամադիի, Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՅՍԱՖ) հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Նիք Քարթերի, ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Էրիխ Փֆեֆֆերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ԱՅՍԱՖ-ի կազմում Հայաստանի ներգրավվածությանը և հետագա ծրագրերին առնչվող երկկուստեք հետաքրքություն ներկայացնող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև ԱՅՍԱՖ-ի հյուսիսային հրամանատարության կազմում, գերմանական հրամանատարության ներքո 2010թ. փետրվարից գործող Կունդուզում և Մազարի Շարիֆում տեղակայված հայկական զորախմբերին: