«Մանկական եվրատեսիլ 2012»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Compass band»-իճանաչելիությունը ապահովելու համար ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրների հայ համայնքների հետ կապ է հաստատում տեսաժողովների միջոցով:
Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը, հերթական անգամ հեռաակոնֆերանս ձևաչափով կապ հաստատվեց Բելգիայի, Շվեդիայի, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Բելգիայից պատանի երաժիշտներին ողջունեցին «Նուարդ» մշակութային բարեգործական միության ներկայացուցիչները՝ նշելով, որ իրենց կողմից հավանության է արժանացել այս տարվա երգը և ջանք չեն խնայելու, որպեսզի ավանդույթի համաձայն, Բելգիան Հայաստանին շատ միավորներ տվող երկրների ցանկում լինի:
Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովի մասնակիցները հայ փոքրիկ երգիչներին ոգևորեցին հայրենասիրական երգերով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երիտասարդներին հորդորեց հայ փոքրիկների երգը տարածել իրենց ընկերների ու հասակակիցների շրջանում, ակտիվություն ցուցաբերել համացանցում և քվեարկել Հայաստանի մասնակցի օգտին: «Մանկական Եվրատեսիլ 2012» 10-րդ հոբելյանական մրցույթը դեկտեմբերի 1-ին կկայանա Ամստերդամում: Մրցույթի կազմակերպիչն է AVRO հոլանդական հեռուստաալիքը: