Ցանկացած խմբակցություն իրավունք ունի քաղաքական հնարքների դիմել և դրանց արտահայտման դաշտը ԱԺ-ն է: ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը այսպես է մեկնաբանում ՀԱԿ նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստին խորհրդարանական մեծամասնության չներկայանալը և ասում, որ դա իրենց կիրառած հնարքն էր: «Աշխարհի բոլոր պառլամենտներում և մեծամասնությունը և փոքրամասնությունը կիրառում է այն քաղաքական տակտիկան, որը հարմար է համարում»,- ասաց Համլետ Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ը ԱԺ արտահերթ նիստի տապալման հարցով սահմանադրական դատարան դիմելու հիմք ունի, թե` ոչ:
Համլետ Հարությունյանի խոսքով՝ ինքը իրավաբան չէ և կարող է միայն իր անձնական կարծիքը հայտնել: «Ընդդիմությունը բազմաթիվ անգամներ է բոյկոտել նիստերը: Վերջինը վերաբերում էր դատախազի ներկայացրած միջնորդությանը Վարդան Օսկանյանի հետ կապված: Դա ընդդիմության «պրյոմներից» է և այդ հարցին Սահմանադրական դատարանը պետք էպատասխանի»,- ասաց Համլետ Հարությունյանը:






