AM
27 Նոյեմբեր 2012 - 11:30 AMT

Արման Մելիքյան. Ռուսաստանը միշտ էլ Ադրբեջանին զենք է վաճառել

Ադրբեջանի վարած քաղաքականությունը ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը համարում է՝ դիվերսիֆիկացված: «Մի կողմից Ադրբեջանը դիմում է ՆԱՏՕ-ին, մյուս կողմից՝ ՌԴ-ին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:

Ըստ ՆԺԿ նախագահի՝ այսպիսով, մի կողմից Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ինքը ևս, Հայաստանի նման, ռազմական համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ունեն ինֆորմացիա, որ այդ երկրի դերակատարությունը տարածաշրջանում աճելու է:

ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ հիշեցնում է, որ Ռուսաստանը միշտ էլ Ադրբեջանին զենք է վաճառել: «Մենք միայն դեպքից դեպք ենք իրազեկվել այս մասին կամ վաճառքի մեծ խմբաքանակի դեպքում, ուստի այստեղ նոր բան փնտրել պետք չէ: Ադրբեջանն այսօր կարիք ունի Ռուսաստանի հետ գործընկերության»,- նկատեց Արման Մելիքյանը:

Անդրադառնալով Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը, Արամ Կարապետյանը նկատեց, որ մեր արտաքին գերատեսչության առաջ քաշած գլխավոր հարցը Արցախի ճանաչումն է աշխարհի պետությունների կողմից: Այս քաղաքականությունը Արամ Կարապետյանը համարում է ճիշտ: