Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունների եռահատոր ժողովածուն կունենա շարունակություն: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ով գրքի գլխավոր խմբագիրը, հեղինակն ու կազմողն է: Նա շեշտեց, որ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն նախապատրաստվել և հրատարակվել է «Վան» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ: «Յուրաքանչյուր հատորը հրատարակվել է 1000 տպաքանակով, բայց եթե դրանք արագ սպառվեն, հնարավոր է` էլի տպագրվեն: Ժողովածուն նախատեսված է իրականացնել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին: Եռահատորը, փաստորեն, լույս տեսավ 2012թ. տարեվերջին, իսկ ևս երկու հատոր կհրատարակվի մինչև 2015 թվականը: Չորրորդ հատորը նվիրված կլինիԿիլիկիայի հայերի վկայություններին, իսկ հինգերորդում կամփոփվեն Արևմտյան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայաշատ տարածքներում հայ բնակչության տեղահանության և կոտորածի մասին վկայություններ»,- նշեց նա` հավելելով, որ արդեն հրատարակված եռահատորը կթարգմանվի թուրքերեն, ռուսերեն և անգլերեն:
Վիրաբյանն ընդգծեց, որ եռահատորում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերապրածների` 1916 թվականին տված վկայությունները: «Այսինքն ապրումներն ու հիշողությունները բոլորովին թարմ են, և այս առումով այդ հատորների նշանակությունը շատ մեծ է: Վկայությունները տպագրվել են մեծ մասամբ արևմտահայերեն, այսինքն` այն լեզվով, որով վերապրածները պատմել են: Հրապարակվող փաստաթղթերը խմբավորվել են ըստ նահանգների, գավառների, գավառակների և գյուղախմբերի: Ընդ որում առաջին հատորում ներկայացված է Վանի նահանգը, երկրորդում` Բիթլիսի նահանգը, երրորդում` Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգները և Պարսկահայքը: Երեք հատորներում ընդգրկված է 602 փաստաթուղթ, որից 424-ը հրապարակվում են առաջին անգամ: Օգտագործվել են Հայաստանի ազգային արխիվում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամում պահպանցող 127 լուսանկար և վավերագրերի 48 պատճեն»,- ասաց նա` հավելելով, որ հատորներից յուրաքանչյուրում կան տեղագրական քարտեզներ, որոնց հեղինակը Գեղամ Բադալյանն է, քարտեզագիրը` Մարտին Մարտիրոսյանը:
«Ժողովածուն ունի հույժ պատմական, այսօր արդեն նաև քաղաքական արժեք և կարևորություն, քանի որ ևս մեկ անգամ ապացուցում է, որ երիտթուրքերի վարչակարգի կողմից իրականացված ոճիրը եղել է նախօրոք ծրագրված: Ավելին` վավերագրերի իրավաբանական նշանակությունն իր արդիականությունը չի կորցրել նաև այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Պետք է նշեմ, որ եռահատորի վաճառքից ստացված հասույթը նախատեսվում է նպատակաուղղել թարգմանությունների իրականացմանը, որոնք կտեղադրվեն նաև համացանցում: Համացանցում մինչև 2015թ. նախատեսվում է տեղակայել նաև մեր ունեցած տեղեկությունների հիման վրա հայտնի Մեծ Եղեռնի զոհերի անունները, առկայության դեպքում նաև` ազգանունը, բնակության վայրը և այլն»,- տեղեկացրեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ Հայոց ցեղասպանության մասին եղած տեղեկությունների և վկայությունների հիման վրա հատորների թիվը կարող է հասնել 20-ի:






