AM
28 Նոյեմբեր 2012 - 09:49 AMT

«Հայկական հացը» չցուցադրվեց մեկ ադրբեջանցիների, մեկ էլ՝ հայ քահանայի պատճառով

«Հայկական հացը» ֆիլմը չի թույլատրվել ցուցադրել Պետերբուրգի քրիստոնեական ֆիլմերի «Նեվսկիյ բլագովեստ» (Невский благовест) կինոփառատոնում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանը: Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանմանը աջակցել է մոսկվաբնակ բարերար Վարդգես Արծրունին: Ֆիլմում ներկայացված է մի հատված, որը բարերարի առաջարկով է արվել: Այդ հատվածում Հայաստանից քար են տանում Պետերբուրգում եկեղեցու կառուցման համար:

Պետերբուրգի Սբ.Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանին դուր չի եկել այն փաստը, որ այն չի համաձայնեցվել իրենց հետ:

Արդյունքում Չոփուրյանը դիմել է պետերբուրգյան փառատոնի կազմակերպիչներին, և ֆիլմը չի մասնակցել փառատոնին:

Միջանձնային հարաբերությունների պատճառով, ըստ ռեժիսորի, ֆիլմը չի ցուցադրվել այդ փառատոնում:

Արմեն Գասպարյանն այս ֆիլմի համար Համայն ռուսիո պատրիարք Կիրիլից շքանշան է ստացել, մասնակցել տարբեր կինոփառատոների և ցուցադրվել ռուսական ալիքներից մեկով:

Ֆիլմը հրավիրվել է մասնակցելու Իտալիայի էթնիկ ֆիլմերի փառատոնին, սակայն, ֆինանսական հարցեր կան: Ռեժիսորը դիմել է Մշակույթի նախարարությանը, խնդրելով Պետերբուրգի կինոփառատոնի համար նախատեսված միջոցները տրամադրել Իտալիայի փառատոնի համար: Մշակույթի նախարարությւոնն էլ կինոփառատոնին չմասնակցելու պարզաբանումներ է պահանջում:

Ռեժիսորը նամակ է գրել Մայր Աթոռ երեք շաբաթ առաջ, սակայն ոչ մի պատասխան չի ստացել, որովհետև կարծում է, որ նրանք այդ պատասխանը չունեն:

Ֆիլմը պետք է ցուցադրվեր նաև «Կուլտուրա» ալիքով, սակայն Ադրբեջանի դեսպանատունը բողոքել է, նշելով, որ այնտեղ Արցախի համար աղոթք է հնչում: Հեռուստաալիքի աշխատակիցներն առաջարկել են կրճատել այդ հատվածը, սակայն ռեժիսորը չի համաձայնվել: