ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ցույց տվեց, որ բանակցությունները փակուղի են մտել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: «Այն եզրակացությունը, որ արտգործնախարարների մակարդակով է լինելու բանակցությունների շարունակությունը, վկայում է այն մասին, որ համանախագահող երկները փորձում են ինչ-որ մեկնարկ տալ փակուղի մտած բանակցություններին և նվազեցնել պատերազմի հավանականությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Հնարավոր պատերազմ ասելով, ըստ Կիրո Մանոյանի, պետք է հասկանալ ոչ միայն Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտումները, այլև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Կիրո Մանոյանի կարծիքով, համանախագահները բանակցությունները ակտիվացնելու ոչ էական քայլեր կանեն: «Հայկական կողմին կմնա ակտիվացնել ճիգերը ԼՂՀ-ի ճանաչման ուղղությամբ: Կարևոր չէ թե ինչ մակարդակով և ինչպիսի ճանաչում կլինի: Պետք է օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասաց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը: Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմը պետք է Ադրբեջանին հիշեցնի, որ Հունգարիայի հետ սաֆարովյան գործարքի պատճառով է, որ բանակցությունները փակուղում են և չեզոքացնի մեղքը հայկական կողմի վրա բարդելու ադրբեջանական փորձերը:
Ստեփանակերտում Արցախի նախագահի և ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ հնչած առաջարկը, որ ԼՂ-ն վերադառնա բանացային գործընթաց, Կիրո Մանոյանը համարում է ճիշտ և տեղին: «Եթե համանախագահող պետությունները անկեղծ են և ցանկանում են ինչ-որ բան տեղից շարժել, ապա դրա հնարավորությունը կտա Արցախի մասնակցությունը բանակցություններին: Ադրբեջանը պետք է հասկանաա, որ այդ բանակցությունները պատանդ պահել չի կարող, իսկ միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ որքան Ադրբեջանը ձգձգի գործընթացը, իրենց համար ոչ շահեկան քայլեր կձեռնարկվեն:
Ադրբեջանին պետք է ցույց տալ, որ իրենք չեն կարող ամեն ինչ ոտնակոխ անել»,- ասաց Կիրո Մանոյանը:






