«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վկայագրեր հանձնեցին «Որմնանկարների վերականգնումը և պահպանումը» խորագրով դասընթացին մասնակցած ուսանողներին: Դասընթացը կազմակերպել էր Միլանի պոլիտեխնիկը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ-ի, «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ:
Ինչպես արարողության ժամանակ նշեց Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, այդ ծրագիրը ևս մեկ քայլ առաջ է հայկական հուշարձանների պահպանության ուղղությամբ: «Ծրագրի նպատակն էր ոչ միայն արժևորել և պահպանել որմնանկարները, այլև դրանով նպաստել Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու տնտեսական աճին»,- նշեց նա` համոզմունք հայտնելով, որ ուսանողները ձեռք բերված փորձը հաջողությամբ կկիրառեն նաև հետագայում:
Միլանի պոլիտեխնիկի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Կազնատին իր հերթին շնորհակալություն հայտնեց ծրագրին աջակցած բոլոր կողմերին և գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ:
ՀՀ մշակույթի և Իտալիայի արտգործնախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում իրականացվող համագործակցային ծրագրի շրջանակում 2012թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը անցկացվել է «Որմնանկարների վերականգնումը և պահպանումը» խորագրով դասընթաց: Դասընթացին մասնակցել է 16 ուսանող և 3 ազատ ունկնդիր: Իտալիայից ժամանած մասնագետներ Աննա Լուկինին և Էլիզաբետտա Կաննան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հայ ուսանողներին դասախոսություններ են կարդացել որմնանկարների տեխնիկայի, քայքայումների, ախտորոշիչ հետազոտությունների և վերականգնման մեթոդների վերաբերյալ: Այնուհետև ուսանողները «Պալացո Սպինելի» վերականգնման դպրոցի մասնագետ Ֆաբրիցիո Իակոպինիի գլխավորությամբ մասնակցել են Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման աշխատանքներին:
Կողմերը նախատեսում են ընդլայնել համագործակցությունը որմնանկարների վերականգնման ոլորտում:






