Երևանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված գալա համերգը լինելու է իսկական շոու և դասական համերգի պատկերը չի ունենա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: Համերգի հատուկ հյուրն է ակորդեոնահար Ռիշար Գալիանոն, ով երեկ գիշեր ժամանել է Հայաստան: Գալիանոն իր հերթին նշեց, որ իր համար կարևորը երաժշտությունն է, և լիցքերի փոխանակումը:
Գալա համերգը կայանալու է դեկտեմբերի 1-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Վահան Մարտիրոսյանը գաղտնի պահեց համերգի ծրագիրը, նշելով, որ այն լինելու է անակնկալ: Հնչելու է բարոկից մինչև ժամանակակից երաժշտություն: Համերգի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:
Համերգի ընթացքում ընթերցվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղերձը, բաժանվելու են դիպլոմներ և մեդալներ:
Նշենք, որ Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին: Նա համարվում է «նոր մյուզետ» երաժշտական ուղղության հիմնադիրը:
Նվագում է ակորդեոն և բանդոնեոն:
Երաժիշտը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնցից ամենահայտնին են «Piazzolla Forever»-ը և «Blow up»-ը:






