Դեկտեմբերի 1-ից «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսի մուտքը կլինի անվճար: Այդ մասին հայտնում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը: Ցուցահանդեսը «Արծիվ» սրահում կփակվի դեկտեմբերի 16-ին:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը ներկայացնում է երեք կոլեկցիոներների՝ արվեստաբան Պողոս Հայթայանի, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի և ճարտարապետ Օշին Եղիազարյանցի արվեստի հավաքածուների ընտրանին: Առաջին անգամ հանրությանը ներկայացվող ստեղծագործությունների այս բացառիկ ընտրանին կրկին նշանավորում է ցուցադրված արվեստագետներին և կոլեկցիոներներին, ում բարի կամքի, սեփական հավաքածուն հանրությանը հասանելի դարձնելու պատրաստակամության շնորհիվ հնարավոր դարձավ սույն ցուցադրությունը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությունը` բացահայտել հայաստանաբնակ մասնավոր կոլեկցիոներներին և ցուցադրել նրանց արվեստի հավաքածուները, աննախադեպ է հայ իրականության մեջ: Այս բացառիկ նախագծով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ստեղծում է եզակի մշակութային պլատֆորմ այլ մասնավոր հավաքածուների՝ թանգարանային միջավայրում ցուցադրման համար, վերահաստատելով անհատ կոլեկցիոների հանրային դերն ու ներդրումը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման կրողի:






