2013 թվականին Բելառուսում կանցնեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈւ) «Փոխգործակցություն-2013» զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը ռուսական «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:
«Մեր զինծառայողներն ակտիվորեն մասնակցում են ՀԱՊԿ օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին,-ասել է նա:-Վերջին օրինակներից մեկը սեպտեմբերին Հայաստանում կայացած ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններն էին: Այս տարի «Փոխգործակցություն-2013» զորավարժությունները կանցնեն մեր տարածքում»,-ասել է նա:
Անդրադառնալով Բելառուսի դերին կազմակերպության զարգացման գործում՝ Մակեյը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ «ներկա իրողությունները թելադրում են, որ ՀԱՊԿ լինի այնպիսի կազմակերպություն, որը կարող է արդյունավետ և համարժեք կերպով արձագանքել մարտահրավերներին:
Նախարարը նշել է, որ Բելառուսի նախաձեռնությամբ «իրականցվում է ՀԱՊԿ ԱԱՀՈւ արդիական զենքով և հատուկ տեխնիկայով ու միջոցներով ապահովման նպատակային ծրագիր»:
Մակեյը հավելել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առանցքային դերակատարություն ունենա համաեվրոպական ու համաեվրասիական անվտանգության ամրապնդման գործում:
Նախարարը գտնում է, որ ՀԱՊԿ զուտ ռազմաքաղաքական դաշինք չէ, որը «կողմնորոշված է միայն արտաքին ագրեսիայից պետությունների պաշտպանությանը»:
«Մենք հստակ գիտակցում ենք, որ արտաքին ագրեսիան այսօր միակ սպառնալիքը չէ: Նոր մարտահրավերները՝ ապօրինի միգրացիան, թմրանյութերի շրջանառությունը, կիբերհանցավորությունը կարող են լրջորեն ազդել պետության վրա՝ խարխլելով ներքին կայունությունն ու անվտանգությունը: Ուստի մենք այսօր չենք կարող կենտրոնանալ միայն պետությունների ռազմական պոտենցիալի վրա»,-ասել է Բելառուսի ԱԳ նախարարը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: